ԶԱՔԱՐՆ ՈՒ ԴԵԳԱՆ
1867-ին 18-ամյա մի խոհուն պատանի իր ծննդավայր Կ. Պոլսից ճանապարհ ընկավ ուղիղ դեպի «աշխարհի մայրաքաղաք» Փարիզ։ Նպատակը բժիշկ դառնալն էր, ինչը նաև ծնողների երազանքն էր։ Նա ուսանում է Սեն-Բարբ բժշկական հաստատությունում, որն ավարտեց հանձնելով քննությունները էքստեռն ձևով։ Զաքարը Փարիզն ընկալում էր իր համար անըմբռնելի մի մտահայեցողությամբ։ (Նա երազում պարբերաբար տեսնում էր անծանոթ մի սենյակ, ուր հրացանակրի արտաքինով անծանոթ մի ֆրանսիացի իրեն կտավ է նվիրում և մի քանի ընկույզ)։ Առավոտ վաղ Զաքարն ուղևորվում էր դեպի աշխատավայր, Փարիզի այս կամ այն հիվանդանոց։ Ազատ ժամերին նա զբոսնում էր քաղաքում, մտնում էր սրճարաններ, զարմանալիորեն խուսափելով բժիշկ-գործընկերներից։ Կասկած չկար, որ բժշկությունն իր կյանքի գործը չէր, սակայն ո՞րն էր իր ճանապարհը։
Երիտասարդ Զաքարը հաճախ էր այցելում ֆրանսիացի նկարիչների արվեստանոցները։ ՈՒ մի աշնանային օր արվեստանոցներից մեկում անսպասելի վերցնում է ներկաթաթախ մի վրձին ու մի սափոր նկարում։ Նկարիչ Լյումինեն զարմանքը չի թաքցնում և ասում է կանխորոշիչ խոսքեր. «Այո, երբեմն այդպես էլ է պատահում»։ Օրեր անց ևս մի գործ է ստեղծում նորաթուխ արվեստագետը։ Դժվարահաճ Լև Բրոունն այն տեսնելով բացականչում է. «Բայց սա նկարիչ է...»։ Բժշկությունն ու հիվանդասենյակները անդարձ անցյալ էին։ ԶԱՔԱՐ ԶԱՔԱՐՅԱՆՆ արդեն գտել էր իր կյանքի գործը, կանգնել էր գլաքարերով և ծառաշարերով պատված մայրուղու սկզբում, որի վերջում կերպարվեստի փարոսն էր կանաչացոլք լույս արձակում։ Վիճակը նետված էր, այրված էին Հիպոկրատի դուռը տանող բոլոր կամուրջները։ Նա ամիսներ շարունակ դուրս չէր գալիս արվեստանոցներից, անթիվ զրույցներում կռահում էր կերպարվեստի վսեմ խորհուրդը, քայլում էր գույնի և գծի, հորինվածքի և կառուցման բավիղներով։
1879 թվական։ «Վոլնեյ» ակումբում ցուցադրվում է Զաքար Զաքարյանի նատյուրմորտներից մեկը։ Հայ կերպարվեստը մուտք է գործում համաշխարհային կերպարվեստի հայրենիք Ֆրանսիա։ Տարիներ հետո տակավին երիտասարդ այս նկարչի գործերից մեկը, որ ցուցադրված էր Շանզ-Էլիզե սալոնում, գնում է Օռլեանի թանգարանը։ Կարճ ժամանակ անց ևս 12 ստեղծագործություն է գնվում խիստ դժվարահաճ փարիզյան շուկայում։
Զաքար Զաքարյանը նատյուրմորտի վարպետ էր։ Հռչակավոր Էդգար Դեգան գրել է մի անգամ. «...ուղևորության ժամանակ ես հաճախ դուրս եմ նայում վագոնի պատուհանից ու մտածում դուրս չգալով տնից` հնարավոր չէ՞, արդյոք, նկարել բնության ուզածդ պատկերը։ Ահա իմ բարեկամ Զաքարյանը։ Նա կարող է մի ընկույզով, մի խաղողի հատիկով և մի դանակով քսան տարի աշխատել, փոխելով միայն նրանց տեղերը։ Իսկ Ռուարը վերջերս մի ջրաներկ է արել անդունդի եզրին..., կարծես թե նկարչությունը սպորտ է»։
Ֆրանսիական արվեստի քննադատներն ահա թե ինչպես են նրան որակել. «Սալոնի նկարիչներից քանի՞սը կկարողանան դիմանալ մեր թանգարանների վարպետների հարևանությանը. Զաքարյանի նատյուրմորտներն առանց տատանվելու նրանց կողքին կդնես»։
1889-ին Զաքար Զաքարյանը ստանում է Պատվո լեգեոնի շքանշան։ Նրա «Երաժշտական գործիքներ» կտավը, որ 1907-ին ներկայացված էր ցուցադրության, հենց տեղում գնում է Փարիզի Լյուքսեմբուրգյան թանգարանը։
Ի դեպ, 1885-ին Էդգար Դեգան կերտել է Զաքար Զաքարյանի դիմանկարը։
Հայ երիտասարդ բժիշկը, առանց մասնագիտական կրթության և առանց որևէ աջակցության մի օր գրավեց Փարիզը և դասվեց ֆրանսիական կերպարվեստի երևելիների շարքում։ Մի՞թե սա կերպարվեստային արտերևույթ չէ, և մի՞թե այն իր հերթին չի հիմնավորում ևս մեկ անգամ, որ հայ ազգային կերպարվեստը համաշխարհային երևույթ է։
Մնում է, որ ներկա իշխանաքաղաքական վերնախավը սույնը ականջի օղ անի, հետևելով մեր հրապարակումներին։
ՕՖՈՐՏԻ ԱՍՊԵՏԸ
ԷԴԳԱՐ ՇԱՀԻՆԸ, ի տարբերություն Զաքար Զաքարյանի, մասնագիտական որոշակի կրթություն է ստացել։ Վիեննայում ծնված պատանին Կ. Պոլսում աշակերտել է Մելքոն Տիրացույանին, իսկ Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում ուսանելիս մասնակցել է Անտոնիո Պաոլետիի գեղարվեստական դասընթացներին։ 1895-ին 21-ամյա Էդգար Շահինյանը մեկնում է Փարիզ և կրթությունը լրացնում նշանավոր Ռ. Ժուլիանի ակադեմիայում։ Նա, ինչ խոսք, պետք է յուրովի նվաճեր Փարիզը, ուր հայտավորվել և հաջողության էին հասել իր ավագ հայրենակիցները` գնահատված իրենց ժամանակի նշանավոր նկարիչների և քննադատների կողմից։
1898-ին գեղանկարիչ Շահինյանը հրապուրվում է տպագիր գրաֆիկայի բարդ ձևերից մեկով` օֆորտով։ Նրա հրապուրանքը վերածվում է նպատակի, և կարճ ժամանակ անց գեղանկարիչ Էդգար Շահինյանը Եվրոպայում հռչակվում է օֆորտի անզուգական վարպետ Էդգար Շահին։
Նա նորարար էր նորարարության կենտրոն Փարիզում։ Մի առիթով իտալացի Վիկտորիո Պիկան դրանք բնութագրեց «կինեմատոգրաֆիկ շարժում»։ 1900 թվական։ Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում Շահինն արժանանում է ոսկե մեդալի։ Երեք տարի անց երկրորդ ոսկե մեդալն է նրան շնորհվում արդեն Վենետիկի միջազգային գեղարվեստական ստուգատեսում։ Ֆրանսիայի հեղինակավոր քննադատները (ի մասնավորի` Ռոժե Մարքսը, Գյուստավ Կանը և Կամիլ Մոկլերը) Շահինին համեմատել են ժամանակի ճանաչված օֆորտիստների, անգամ աշխարհահռչակ Թուլուզ-Լոտրեկի հետ, նշելով, որ հայ վարպետի ստեղծագործությունների հիմքում սերն է և կարեկցանքը, ի տարբերություն Թուլուզ-Լոտրեկի կծու սարկազմի։
Նա պատկերում էր Փարիզի շվայտ հասարակության մերժվածներին։ Զորօրինակ «Կամրջի տակ քնածները», «Մուրացկանը», «Ձորձահավաք կինը», «Մի պնակ ապուր ստացողները», «Լարախաղացները» և այլն։ Սակայն հայ վարպետը չի շրջանցում Փարիզի բոհեմ-միջնաբերդ Մոնմարտրը։ Նրա ուշադրությունը սևեռվում է կուրտիզանուհիների վրա, որոնց շարքում և՛ բալզակյան տարիքին հասած կանայք են, և՛ նորաթուխ «գիշերային թիթեռնիկներ»։ Մի խոսքով, Շահինը գրավել էր Փարիզը։
Նրա որոնող ու գտնող էությունը կերպարվեստի նոր բարձունքներ է նվաճում։ Նա դիմանկարների շարք է ստեղծում` պատկերում է Անատոլ Ֆրանսին, Օկտավ Միրբոյին, Պոլ Վեռլենին և Ռիխարդ Վագներին։ Նաև Փարիզի հին թաղամասերն է բնանկարել, գրքեր է ձևավորել (ի մասնավորի` Վերգիլիոսի «Գեորգիկա» խրատաբանական պոեմը)։ Նրան ճանաչում և գնահատում էին իր ժամանակի գրական մեծերը, ի մասնավորի` Անատոլ Ֆրանսը։ Հայկական թեման, բնականաբար, չի շրջանցվել այս փայլուն վարպետի կողմից։ Նշանավոր են նրա «Չքավոր հայը», «Տիկին Զարմիկյանը», «Անի։ Հայ որբերը Հովվի եկեղեցու մոտ» կտավները։
1936-ին Էդգար Շահինը Հայաստանի պետական պատկերասրահին նվիրաբերեց իր օֆորտների ընտրանին` 125 աշխատանք։
Նշեցի ընդամենը երկու վարպետի։ Սակայն Ֆրանսիայում գործել, հաջողության է հասել հայ կերպարվեստագետների մի հրաշալի կոհորտա։ Նրանց թվում են նշանավոր ծովանկարիչ Վարդան Մախոխյանը, նատյուրմորտի վարպետներ Հովսեփ Փուշմանը, Գառզուն և Պետրոս Կոնտուրաջյանը, Լևոն Թյությունջյանը և Ռաֆայել Շիշմանյանը...
Նրանք Ֆրանսիայում հայ ազգային ինքնության գեղարվեստկան դրոշն էին պարզել, որը փողփողում էր իր ողջ շքեղությամբ։ Նրանց թիկունքում պետականազրկված և մասնատված հայրենիքն էր։
Սակայն նրանց սրտում հայկական ոգին էր։
ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ
Մի՞թե այսօր չարժե մայրաքաղաքում և երկրում որմնանկարել Զաքար Զաքարյանի և Էդգար Շահինի մի քանի գլուխգործոցներ։ Եվ արդյոք ժամանակը չէ՞ մի ֆիլմաշար նկարահանելու ահա այս խորագրով. «Հայկական վրձնի ֆրանսիական հետագիծը»։ Եվ ցուցադրման ներկայացնել աշխարհահռչակ ԽցսՖՑցՐՈ և Mezzo մշակութային հեռուստաալիքներով։
Բարձրացված ներկա և նախկին հարցերի շուրջ հույժ անհրաժեշտ է լսել մշակույթի ոլորտն այսօր կարգավորող տիար Մխիթար Հայրապետյանի և տիկին Նարինե Խաչատուրյանի կարծիքը։ Ավելի ստույգ, ցանկալի են նրանց քայլերը` հայ ներկա և ավանդական կերպարվեստի ընտրանին համաշխարհայնացնելու ուղղությամբ։
Ասվածը, անշուշտ, երազանքի բնագավառից է։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ